Բոլորը գիտեն, թե ով է Թեդդին, ինչպիսին է նա, բայց շատ քչերն են, որ գիտեն, թե ինչպես նա դարձավ այդպիսին: Հիմա հենց այդ մասին էլ Ձեզ կպատմեմ:
Ամենահին և ամենափոքր տունը, որ կարող եք պատկերացնել, պետք է քանդեին: Բոլոր այն իրերը, որոնք մի ժամանակ գեղեցկացնում և մի փոքր հարմարավետ էին դարձնում տնակը, այժմ թափված էին բակով մեկ: Անկողինները՝ որոնց վրա քնում էին տան անդամները, նույնիսկ հատակի փայտե կտորները՝ որոնց վրայով նրանք քայլում էին: Բակը նմանվել էր աղբանոցի:
Իսկ այդ արհամարհված իրերի հետ բակում էր հայտնվել նաև մի փոքրիկ շագանակագույն արջուկ:
Նա մնացել էր այդ ծանր իրերի տակ և չէր կարողանում շարժվել: Բայց մի օր երկնքից ինչ-որ բաներ սկսեցին թափվել, և հանկարծ դրանցից մեկն ընկավ նրա քթին, իսկ դրան հաջորդեցին մյուսները: Ձյուն էր գալիս: Նա ահավոր մրսում էր, բայց ձյունը չէր դադարում: Նա անպես էր սառել, որ քիթը կապույտ գույն էր ստացել, իսկ նրա շագանակագույն մորթին դարձել էր մոխրագույն:
Նա մենակ էր, ոչ ոք չկար նրա կողքին ու նա ամբողջովին սառել էր: Թեդդին իրեն շատ դժբախտ էր համարում: Հետո Ձմեռն անցավ, և օրերը տաքացան: Մի գարնանային պայծառ օր, մի աղջիկ խաղում էր տան մոտ, երբ այդ իրերի մեջ նկատեց Թեդդիին: Նա նման չէր մյուս բոլոր արջուկներին, նրա մեջ ինչ-որ յուրահատուկ բան կար: Աղջիկը հանեց նրան այդ ծանր իրերի տակից: Նա Թեդդին վեր բարձրացրեց ու ասաց. «Մոխրագուն արջուկ, կապույտ քթով: Ինչ տարօրինակ է,- Թեդդին ցանկանում էր արդեն լաց լինել՝ մտածելով, որ աղջիկը նրան ետ կգցի այնտեղ, որտեղից վերցրել էր,-բայց նա ուղղակի հրաշք է»- շարունակեց աղջիկը: Նա սկսեց շատ սիրել Թեդդիին և վերցրեց իր հետ:
Աղջիկը որքան կարող էր արագ վազեց տուն, որպեսզի տեսնի՝ կարող է տատիկը կարել Թեդդիի բոլոր պատռված տեղերը: Տատիկը պատռված տեղերի վրա կտորներ դրեց և կարեց: Չնայած որ կարված տեղերը շատ պարզ երևում էին, աղջկա համար Թեդդիի տեսքն ուղղակի իդեալական էր:
Աղջկա տունը շատ հարմարավետ էր ու շատ տաք, և այդ անգամ Թեդդին առաջին անգամ կյանքում ջերմություն զգաց իր սրտում, բայց միևնույն է, նրա քիթը մնաց կապույտ, իսկ մորթին՝ մոխրագույն:
Նա յուրահատուկ էր և տարբերվում էր մնացած բոլորից:
Այդ օրվանից աղջիկը սկսեց սիրել նրան ավելի շատ, քան որևէ այլ բան աշխարհում: Իր փոքրիկ մոխրագույն արջուկին, կապույտ քթով:
Комментариев нет:
Отправить комментарий