5 янв. 2012 г.

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ մեծ ավետիս


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին, իսկ Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում էին հունվարի 6-ին, իսկ հռոմեացիները, նույնիսկ քրիստոնեության ընդունումից հետո շարունակում էին նշել հեթանոսական տոներ: Ամեն տարի դեկտեմբերի 25-ին նրանք նշում էին արևի պաշտամունքին նվիրված տոնը: Որպեսզի խափանի այդ հեթանոսական ավանդույթները, Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում գրեթե ողջ արևելքում դեկտեմբերի 25-ին նշում էին Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը, իսկ հունվարի 6-ը՝ Աստվածահայտնության և Մկրտության օր: Միայն Առաքելական Սուրբ Եկեղեցին հավատարիմ մնաց ավանդույթներին և ավետարանական հաշվարկներին և ամեն տարի հունվարի 6-ին միասնաբար նշվում են Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոները: 


Քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17:00-ին, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հիշեցնեմ, որ ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվում է տարվա մեջ ընդամենը երկու անգամ՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ճրագալույց նշնակում է ճրագ/մոմ/լուցանել այսինքն՝ վառել: Հունվարի 5-ի երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում,որոնք խորհրդանշում են աշտվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը:


Հիմա Ձեզ եմ ներկայացնում Սուրբ Ծննդյան արարողությունների ժամանակացույցը՝

1. Հունվարի 5-ին ժամը 17:30-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի տոնական Սուրբ Պատարագ՝ ազդարարելով Սուրբ Ծննդյան ավետիսը: Այդ օրը մարդիկ եկեղեցում վառված մոմերն իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Սուրբ Ծնունդը:

2. Հունվարի 6-ին ժամը 11:00-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Ծննդյան տոնական Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեքի Սուրբ Պատարագ: Օրհնված ջուրը բաժանվում է ներկաներին:

3. Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է՝ Մեռելոց: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան Սուրբ Պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

4. Հունվարի 13-ին տիրոջ անվանակոչության օրն է: Այդ օրը նույնպես բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ:

5. Սուրբ Ծննդյան կարևոր տոներից է Տնօրհնեքը: Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկավոր է հոգևորականի հրավիրել Տնօրհնեքի:



Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis