20 янв. 2012 г.

Նախորդ դարի ամենաաղմկահարույց գողությունը


Լուվր այցելած ցանկացած զբոսաշրջիկ միևնույն է չի կարողանում մեկ օրվա ընթացքում տեսնել թանգարանի բոլոր նմուշները: Սակայն նրանցից և ոչ մեկը չի հեռանում այնտեղից առանց Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ Մոնա Լիզային տեսնելու: 


1913 թվականի օգոստոսի 21-ին ֆրանսիացի նկարիչ Լուի Բերուն (ով այցելել էր Լուվր Լեոնարդոյի հայտնի կտավի կրկնօրինակը նկարելու) դարձավ առաջինը, ով նկատեց առեղծվածային ժպիտի տիրոջ՝ Մոնա Լիզայի անհայտացումը: Լուվրի ողջ ղեկավարությունը հեռացվեց աշխատանքից, իսկ թանգարանը փակվեց մեկ շաբաթով: Բայց ցավոք դա արդեն ոչինչ չէր փոխի: Երկու տարի անցավ մինչև ոստիկանությունը կարողացավ կտավի գողի հետքի վրա դուրս գալ: Սակայն սխալ կլինի ասել, որ նրանք այդ հետքի վրա դուրս եկան ինքնուրույն, ավելի ճիշտ հենց գողը մատնեց իրեն: Արեց նա դա դիտավորյալ, թե դա ուղղակի անմտածված քայլ էր նրա կողմից, ոչ ոք ասել չի կարող: Պարզ էր մի բան՝ Ջոկոնդան առևանգվել էր հայելիների մասնագետ, իտալացի Վինչենցո Պերուդժայի կողմից:


Վինչենցոն գործել էր միայնակ: Նա շատ լավ գիտեր, որ երկուշաբթի օրերին Լուվրը փակ է, և կիրակի՝ 1911 թվականի օգոստոսի 20-ին, մուտք էր գործել թանգարան և թաքնվել փոքրիկ խցում: Դուրս էր եկել այնտեղից միայն հաջորդ օրը: Վերցրել էր Մոնա Լիզային և տարել իր թաքստոցը: Այնտեղ նա ազատվել էր շրջանակից և վերցնելով կտավը շարժվել դեպի դուրս: Տեսնելով դռան մոտ կանգնած անվտանգության աշխատակցին՝ Վինչենցոն սպասել էր մինչև նա գնացել էր ջուր խմելու, և թաքցնելով կտավը, դուրս էր եկել թանգարանից:


Առևանգման վարկածներից մեկի համաձայն, Վինչենցոն արել էր դա այն պատճառով, որ մտածում էր, թե իտալացի նկարչի կտավը պետք է գտնվի Իտալիայում և ցուցադրվի միայն իտալական թանգարաններում: Իսկ մյուս վարկածի համաձայն, Վինչենցոն կարծում էր, թե ֆրանսիացիները գողացել են կտավը, և ինքը որոշել էր ետ վերադարձնել այն: Սակայն Լեոնարդո դա Վինչին ինքն էր նվիրել այդ կտավը Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ Առաջինին: 
Բայց ինչպե՞ս կարողացան բռնել Վինչենցոյին: Առևանգումից եկու տարի անց՝ 1913 թվականի աշնանը, Ֆլորենցիայում գտնվող նկարչական ցուցահանդեսի տեր Ալֆրեդո Ջերին մի նամակ է ստանում, որտեղ նրան առաջարկում էին գնել երկու տարի առաջ առևանգված Ջոկոնդային: Մի փոքր մտածելուց հետո Ջերին հայտնում է այդ մասին ոստիկաններին: Ի վերջո ոստիկանները գտնում են Վինչենցոյին: Նրան ենթարկում են մեկ տարի և 15 օր ժամկետով ազատազրկման, սակայն նա նույնիսկ կիսով չափ չի կրում իր պատիժը: Իտալիայում նրան ոչ ոք չէր մեղադրում իր այդ արարքի համար: 


1913 թվականին Մոնա Լիզան վերադարձավ Լուվր, իհարկե, Իտալիայի թանգարաններում ցուցադրվելուց հետո միայն: Ցավոք սա դեռ վերջին փորձությունը չէր, որի միջով ստիպված եղավ անցնել Մոնա Լիզան, սակայն այդ մասին էլ, հաջորդ դասին: Կարևորն այն է, որ այժմ Ջոկոնդան գտնվում է ապահով ձեռքերում և նորից Լուվրից այցելուներին է ժպտում իր առեղծվածային ժպիտով:




Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis