Հունվարի 21-ին համարյա ողջ աշխարհում նշվում է ամենատարօրինակ, բայց և միևնույն ժամանակ ամենահաճելի տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Այն ստեղծվել է 1986 թվականին ԱՄՆ-ում Գրկախառնության ազգային օր (National Hugging Day) անունով, սակայն ժամանակի ընթացքում մեծ տարածում է գտել ողջ աշխարհում: Տոնի ավանդույթի համաձայն այդ օրը գրկախառնվել կարելի է նույնիսկ առաջին պատահած անծանոթի հետ: Սակայն մեր երկրում լավ կլինի անել դա ավելի հանգիստ և մի փոքր զգույշ, անսպասելի ապտակից խուսափելու համար, կամ էլ պետք է բավարարվել միայն ծանոթների ու հարազատների հետ գրկախառնությամբ:)))
Չնայած այս տոնը դեռ 26 տարի է ինչ նշվում է, բայց միևնույն է, ոչ ոք չգիտի, թե ում փայլուն մտահաղացումն է նման տոնի ստեղծումը: Բայց միակ պնդումներն այն մասին են, որ տոնի գաղափարը ուսանողներինն է: Այնուամենայնիվ շնորհակալություն նրանց մեզ նման հաճելի տոն պարգևելու համար:
Այս օրը տարվա մեջ այն միակ օրն է, երբ բոլոր տղաներն ու աղջիկները կարող են գրկախառնվել առանց որևէ ամոթի զգացումի կամ հետին մտքի: Համաձայն լեգենդի՝ այդ օրը գրկախառնվելով մարդիկ միմյանց են փոխանցում իրենց հոգու ջերմությունը:
Սա այն հազվադեպ տոներից է, որը չի պահանջում ոչ մի նյութական միջոցներ: Ձեզանից ուղղակի պահանջվում է լինել առատաձեռն և գրկախառնվել բոլոր այն մարդկանց հետ, ում սիրում եք, վստահում, ուղղակի ճանաչում կամ նույնիսկ չեք էլ ճանաչում: Այսօր այդ օրն է: Լցրեք Ձեր սրտերը սիրով, ուրախությամբ ու ջերմությամբ և մի մոռացեք կիսվել դրանցով բոլոր-բոլորի հետ:
Комментариев нет:
Отправить комментарий