18 дек. 2011 г.

Պատմվածք Վարդի կողմից «Չորս կաթիլ կարոտ»



Չորս կաթիլ կարոտ

Արևի թույլ  ճառագայթները վախվխելով սողոսկել էին կիսադատարկ փայտե տնակի սենյակները:Նրանք կարծես զարմացել էին. չկար ամեն առավոտ իր մի բաժակ սուրճով ու գոհ ժպիտով իրենց դիմավորող տան տիրուհին:
Աշուն էր…Մի քանի օր առաջ դեռ ծովափի  տունը լի էր սևազգեստ կանանցով, գլխահակ տղամարդկանցով, շրջապատի տխրությունից  փոքր-ինչ  շփոթված երեխաներով  : Նրանք բոլորն էլ այստեղ բազում անգամներ էին եղել,բայց երբևէ այդ տունը նրանց այդքան դատարկ ու ճնշող չէր թվացել: Պատճառը պարզ էր.   հեռացել էր այդ տան արևը:Սակայն այդ բազմության մեջ կար մեկը, ով համառորեն չէր ուզում դուրս գալ իր ապահով «թաքստոցից» ու երևալ մարդկանց:Նա նման չէր մյուսներին .ոմանք կիսաձայն արտասվում էին, մյուսները` զրուցում մահացած տիրուհու մասին և ակամայից ժպտում:Բայց այն մեկը մռայլ էր, ոչ ոքի հետ չէր շփվում և արդեն մի քանի ժամ էր, ինչ անշարժ նստած էր նույն տեղում ` երեսն  առած  ափերի մեջ:
Առավոտյան ժամը վեցը չկար, երբ զարթուցիչի ձայնից սովորականից ավելի հաճույքով արթնացավ միջահասակ մի կին `տիկին Ս-ն:Դեռ տակավին երիտասարդ տարիներց երզել էր այդ օրվա մասին :Նրա բնակարանը լի էր  արկղերով, ճամպրուկներով, դատարկ պահարաններով:Գրասեղանի վրա` լուսամփոփի կողքին, դրված էր դեռ նախորդ օրը երեկոյան գրված նամակը:Նա բաց արեց պատուհանը, ամեն օրվա պես ժպտաց արևին , նստեց գրասեղանի մոտ ու մեկ անգամ էլ նամակը կարդալով, տեղավորեց ծրարի մեջ, անհաստատ ձեռագրով գրեց հասցեն, որը արդեն քանի տարի էր, ինչ պահում էր մտքում:Այնքան հաճախակի էր մտովի գնում այդ փողոցներով, անցնում գրեթե չփոխված տների ու խանութների միջով, ակնթարթորեն հայտնվում այդ տան մուտքի առաջ…
Դատարկ փոստատունը լցված էր միայն տպագրական սարքից արձակվող  միատոն շխշխկոցով ու  տասնամյակների հնության ռադիոյի ցածր ձայնով: Աշխատակցուհին մեխանիկորեն  բարձրացրեց գլուխը և դռների արանքում տեսավ բարետես մի կնոջ: Նա սիրալիր բարևեց ,մոտեցավ փոստարկղին , գրպանից հանեց ծրարը, բայց, քաջություն չունենալով  այն գցել, հուսահատ նստեց պատուհանի տակ տեղադրված աթոռին:Մի քանի ակնթարթից նա կաներ մի բան, որի մասին  դեռ տարիներ առաջ էր մտածել: Գուցե ցանկանալով մտածված ձգձգել այդ պահը` նա բաց արեց ծրարը , մեկ անգամ ևս ընթերցեց  պարունակությունը (չնայած այդ տեքստը գրեթե  ողջ կյանքի  ընթացքում մշակել էր անքուն  գիշերներին ) : Արևի շողերից ադամանդի փայլ ստացած արցունքի երկու կաթիլ  տիկնոջ աչքերից պոկվեցին ու այտերով հանդարտ գլորվելով ` ասես տարիների թաքուն թախիծը իսպառ սրբելով , կաթեցին թղթին :Այդ կաթիլնեը հավիտյան դրոշմով կնքեցին նամակը` նրան անսովոր շունչ հաղորդելով: Տիկին Ս-ն  կրկին ծալեց թուղթը, մի նոր ծրար գնեց , այս անգամ ավելի վստահ ձեռագրով մակագրեց հասցեն ու անմիջապես գցեց փոստարկղը:Հին ծրարը խնամքով ծալեց և տեղավորեց պայուսակի գաղտնի գրպաններից մեկում:
Տաքսու վարորդի ուշադրությունը անընդհատ շեղում էր իր արտասովոր ուղևորը: Տիկին Ս-ն   կարոտով ու արցունքախառն աչքերով անթարթ նայում էր պատուհանից: Ուշադրությունը ամողջովին լարել էր.կարծես չէր ցանկանում բաց թողնել որևէ մանրուք .ամեն ինչ ուզում պահել մտքում.չ՞է որ վերջին անգամ էր այդ ճանապարհով անցնում:Նա հեռանում էր`  աղմկոտ քաղաքի եռուզեռը փոխարինելով ծովափնյա ավանի լռությամբ ու անդորրով:
Ռելսերը դղրդացին մոտեցող գնացքի ձայնից:Ուղևորները կարծես մեկ մարդու պես առաջ եկան:Գնացքը կանգ առավ:Տասնհինգ  րոպե անց կայարանը դատարկվեց: Գնացքը ուղևորների ու նրանց իրերի հետ ծովափնյա քաղաքի կայարան տարավ օծանելիքի բույրով շաղախված աղմուկը: Դռները բացվեցին:Գոհ ժպիտով տկին Ս.-ն  դուրս եկավ  վագոնից ու քայլերն ուղղեց դեպի կայարանի ելքը, նայեց երկինք ու բարևեց իր նոր բնակավայրը ջերմացնող արեգակին:Նա շարժվեց իր  նոր տան ուղղությամբ , որը մի քանի շաբաթ  առաջ էր ընտրել:Տիկին Ս.-ն  քայլում էր հողե ճանապարհներով, որոնց շուրջը միայն ծառեր կային, ծաղիկներ,կոկիկ տներ, իսկ օդը լցված էր ծովի բույրով:
Նա այնքան գոհ էր. Վերջապես տարիների տքնաջան աշխատանքից հետո կարող էր իրեն նման հանգիստ թույլ տալ:Վաղուց էր երազել կյանքի վերջին տարիները անցկացնել ծովի ափին` ոչ մեծ մի տանը, հյուրեր ընդունել, կարդալ և ուղղակի հանգիստ ապրել:
Մի քանի ժամ անց տունն անճանաչելիորեն փոխվել էր. դատարկ պատերը ծածկվել էին նկարներով, պահարանները` զանազան  գունավոր իրերով:Բաց դռնից ներս մտած տան նախկին տիրուհին նույնիսկ մի քիչ շփոթվելով հետ-հետ գնաց` չճանաչելով իր տունը:Նրանք շատ շուտ մտերմացան:
Այդ օրվանից անցել էր մի ամիս…ծովափնյա տան  այգում  ծաղկել էր առաջին վարդը:Լայնեզր գլախարկ դրած տիկին Ս.-ն անսահման ուրախությամբ ջրում էր իր ծաղիկները  ու առանց զլանալու բարևում էր իր տասնյակից ավելի հարևաններին : Նրանք հաճախ էին լինում իր տանը,երեկոները հավաքվում էին և հետաքրքրությամբ լսում  կնոջ պատմած պատմությունները, երբեմն` հուզվում:Ոմանք էլ նույնիսկ ոգևորվում էին ու իրենց պատմությունները պատմում: Մի օր էլ հարևաններից մեկը` չնայած մի քիչ անհարմար զգալուն, հարցրեց տիկին  Ս.-ին նրա քաղաքի կյանքի, հարազատների ու ընկերների մասին:Լսած պատասխանից ամենևին էլ  չզարմացավ.նա ուսումն ավարտելուց հետո  ամուսնացել էր, մի շարք հաջողությունների հասել աշխատանքում,մեծացրել  երկու զավակներին: Իսկ մի քանի տարի առաջ էլ ,երեխաներին ամուսնացնելուց և ամուսնուն կորցնելուց   հետո միայնակ մնալով, որոշել էր իրագործել իր վաղեմի երազանքը և տեղափոխվել:Այժմ ողջ օրը զբոսնում էր , գիրք կարդում , ծաղիկներ մշակում ու հյուրընկալում արդեն հարազատ դարձած հարևաններին:Երբեմն նրան այցելում էին զավակները, փոքրիկ թոռները,ընկերները:Հետ վերադառնալու խնդրանքներին ի պատասխան ` լսում էին իր մոտ տեղափոխվելու հրավերներ և դրա համար բավականին համոզիչ փաստարկներ:
Տասը  տարի անցավ այն օրվանից . տիկին Ս.-ն արդեն ամողջությամբ ճերմակել էր: Հազիվ վեր կացավ անկողնուց,  բաց արեց պատուհանը, ինչպես առաջ, բարևեց արեգակին: Մի թույլ ժպիտ նշմարվեց նրա կնճռոտ դեմքին .այն անհասկանալի ժպիտներց , որոնք այնքան դժվարությամբ ծնվում են հրաժեշտի պահերին :Տիկին Ս.-ն կամաց հետ գնաց, տեղավորվեց անկողնում: Քիչ անց եկավ հարևանուհին:Նա դողացող ձեռքերով մատնացույց արեց գրասեղանին դրված թղթապանակը:Կտակ էր:Հարևանուհին ,հազիվ արցունքները զսպելով, վերցրեց թղթապանակը , մահացող ընկերուհուց որպես հուշ նվեր ստացած իրերը և դուրս եկավ տնից: Այգով անցնելիս նստեց դեղին տերևներով ծածկված նստարանին` մտովի հիշելով սիրելի ընկերուհու ժամանելու օրը, բուխարու մոտ իրենց հաճելի զրույցները:Հանկարծ մի խունացած թուղթ ընկավ տիկին Ս.-ի նվիրած պայուսակի գրպանից.ծրարն էր:Հարևանուհին անմիջապես վեր կացավ նստարանից և քայլերն ուղղեց դեպի փոստատուն:Վերջին տարիներին տիկին Ս.-ն այլևս այցելուներ չէր ունենում.նրա ընկերները գուցե մահացել էին, իսկ երեխաների հետ կապը վաղուց կորել էր:Ահա և ծրարի վրա գրված էր մի հասցե, որի բնակչին գտնելու դեպքում հնարավոր կլիներ  մահացող ընկերուհուն գոնե մի քիչ ուրախացնել :
Կես ժամ անց անուն- ազգանունը նրա ձեռքում էր,իսկ համարը` հավաքված:Լսափողի մյուս կողմից լսվեց մի ծեր տղամարդու ձայն…
Պարոն Ա.-ն տասը տարի առաջ մի անակնկալ նամակ ստացավ:Շատ զբաղված էր. «անծանոթից» իրեն ուղղված նամակը  անուշադրության մատնեց ու  ակամայից արված մի շարժումով  այն գցեց պայուսակի մեջ:Երեկոյան,երբ արդեն տանն էր,հարմար տեղավորվեց բազմոցին,մի քանի փաստաթուղթ աչքի անցկացնելուց հետո ձեռքն առավ նամակը:Բաց արեց այն ու սկսեց կարդալ.այդ օրվանից ամեն երեկո քնելուց առաջ կարդում էր:
Սենյակի մի անկյունում միայնակ  նստած մարդը պարոն Ա.-ն էր:Նա գլուխը բարձրացրեց , նայեց շուրջը` համոզվելով ,որ իրեն ոչ ոք չի նկատում, գրպանից հանեց նամակը ու իր խոշոր աչքերով սկսեց կարդալ.«Բարև թանկագին Ա., Տարիների խորքից անմար կարոտով քեզ գրում է Ս.-ն:Երևի ինձ չես հիշում: Ոչի’նչ: Չեմ նեղանում:Մենք ծանոթներ էինք,երբ տակավին երիտասարդ էինք` պատանիներ:Անկախ այն բոլոր հանգամանքներից, որոնց պատճառով մենք այդպես էլ իրար օտար մնացինք,  ես այսօր քեզ գրում եմ,ինչպես կգրեի իմ հարազատներին, որոնցից հիմա հեռանում եմ , բայց որոնց նամակներ չեմ գրել: Տարիներ են անցել…Շատ բան է փոխվել իմ մեջ:Քո ճանաչած Ս.-ն այլևս չկա: Այն հպարտ ու լռակյաց աղջնակը մնացել է անցյալում` որպես մի լուսավոր հուշ:Գիտեմ` զարմանում ես.ինքս էլ կզարմանայի, եթե  դու ինձ գրեիր:Դրան ես մինչև հիմա սպասում եմ, բայց երևի այդպես էլ չեմ կարդա քո ձեռագիրը….Ուզում եմ իմանաս,  որ ,  չնայած շատ անգամներ միմյանց կողքով անցել ենք անծանոթների պես, դու ինձ համար միշտ հարազատ ես եղել:Օտարի դերը երկուսս էլ հրաշալի ենք խաղացել:Ուզում եմ իմանաս,որ մինչև հիմա հիշում եմ քեզ` քո ձայնը,ժպիտը,մեր փոխանակած հատուկենտ բառերը:Հիմա, երբ այլևս հպարտությանս ու ինքս իմ բնավորության գերին չեմ, ներողություն եմ խնդրում ու ասում,որ  քեզ շատ եմ սիրել:Ժպտու՞մ ես, գուցե` ծիծաղու՞մ:Ոչի’նչ. Չեմ նեղանում. Չէ՞ որ դու էլ քո բնավորության գերին ես :Բայց  ի տարբերություն քեզ` ես իմ մեջ այնքան քաջություն գտա, որ վերցնեմ թուղթ ու գրիչ  ու գոնե գրեմ, գրեմ առանց վախենալու, որ լռությունը կլինի քո պատասխանը:Ես հիմա միայնակ եմ , կեսգիշերն անց է  ու շուրջս լռություն է :Բայց այս լռությունը ինձ երբեք այնքան չի ճնշել ,որքան քոնը:Հիմա դա արդեն կարևորն չէ.միևնույն է , մենք այլևս երբեք չենք հանդիպի:
Իմացի’ր , որ քեզ միշտ կհիշեմ:Եթե մենք իրոք իրար նման էինք,ապա դու էլ ինձ չես մոռանա»:
Նա չէր սխալվում.պարոն Ա.-ն ինքն էլ միշտ սիրել  ու երազել էր Ս.-ի մասին, բայց հպարտությունը երբեք թույլ չէր տվել նրան այդ մասին ասել:Միշտ պարծենում էր իր բնավորության այդ գծով ու երբեք չէր մտածել,որ մի օր ամաչելու ու սարսափելի զղջալու է դրա համար:Երբ վերցրեց   լսափողն ու անծանոթ կնոջից լսեց,որ իր Ս.-ն մահանում է , շտապեց տեսնել նրան:
Մեքենան,որի ղեկին Ա.-ն էր, ճանապարհին անընդհատ կանգ էր առնում.ինչ-որ բան  խեղդում էր նրա կոկորդը: Նա երբեք լաց չէր եղել…Տիկին Ս.-ին հանդիպել էր այն ժամանակ,երբ դեռ նոր էր կյանք մտնում ,նրան կրկին տեսնելու էր ,երբ մահվան շունչը ավելի մոտիկից էր զգում:Անսահման կարոտին,զղջանքին ու սիրուն խառնվել էր վախը, դեռ չգտած կորցնելու  տագնապը:
Նա ուշացավ…այդպես էլ չասված մնացին տասնյակ խոսքեր…տիկին Ս.-ն արդեն մահացել էր…
Բազկաթոռին հուսահատ նստած ծերունին միայնակ մնաց , արևը արդեն մայր էր մտել,իսկ մարդիկ` հեռացել:Մթության մեջ վառվող մոմի աղոտ լույսի տակ Պարոն Ա.-ն կարդում էր նամակը :Արցունքի երկու կաթիլ ընկան թղթին…նամակի վրա արդեն չորս կաթիլի հետք կար:


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis